211652_close_icon
views-count102379 դիտում article-date 16:52 22-05-2018

ԵԿՄ-ն արձագանքել է Մանվել Գրիգորյանի հասցեին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հնչեցրած մեղադրանքներին

ԵՊՀ դասախոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի բազմամյա օգնական Մեսրոպ Մանուկյանը եւ ԵԿՄ լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը արձագանքել են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մեղադրանքներին, որ հնչեցվել է ԵԿՄ վարչության նախագահի հասցեին: [b]Մեսրոպ Մանուկյան. [/b]- Ժամանակին Ճոյտ Հակոբն էլ պատգամավոր է եղել: Կարո՞ղ է նա ներկայացնել թեկուզ մեկ գործ, որ արել է Էջմիածնի համար: Միայն իր անձնական բարօրության մասին է մտածել: Իսկ ես կարող եմ մանրամասն ներկայացնել, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարել պատգամավոր Մանվել Գրիգորյանն Էջմիածնի համար: Ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ նա կարողացել է փաստարկներով հիմնավորել եւ Էջմիածնի համար պետբյուջեից ֆինանսավորում ապահովել: Մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի առաջարկությամբ 2014-ին հմինանորոգվել է 14-րդ մանկապարտեզը, ինչի համար պետբյուջեից նախատեսվել է 140 մլն դրամ: 2015-ի բյուջեով 230 մլն դրամ նախատեսվել է քաղաքում նոր մարզադպրոցի կառուցման համար: Այս նույն ծրագրի շարունակման համար 2016-ի բյուջեով նախատեսվել է 140,6 մլն դրամ: 2016-ին 145 580 000 դրամ էլ նախատեսվել է թիվ 5 մանկապարտեզի նորոգման համար: 2017-ի բյուջեով վերանորոգվել է Էջմիածնի 2-րդ երաժշտական դպրոցը: Գեներալի միջոցներով նորոգվել է Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը, որի տարածքը հատկացրեց քաղաքապետարանը՝ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Իսկ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը թանգարանի տարածքը վաճառել էր, եւ արժեքավոր ցուցանմուշները վերացման վտանգի առաջ էին: Գեներալի միջնորդությամբ նաեւ գտնվել են հովանավորներ, որոնց միջոցներով վերանորոգվել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարանը, ասֆալտապատվել եւ էլեկտրաֆիկացվել է Հոկտեմբեր փողոցը: Անվերջ կարելի է թվարկել աշխատանքները, որ Էջմիածնի համար կատարել է Մանվել Գրիգորյանը: [b]Վարդան Վարդանյան. [/b]- Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ստում է, երբ ասում է, թե իբր ինքը պարտվել է Կարեն Գրիգորյանի հետ ընտրապայքարը, քանի որ Գրիգորյանին հովանավորել է Սերժ Սարգսյանը: Իրականությունը հետեւյալն է: Հակոբյանը Կարեն Գրիգորյանի դեմ քաղաքապետի թեկնածու առաջադրվել է 2008-ի հոկտեմբերի 19-ի ընտրություններում: Կարեն Գրիգորյանն ինքնառաջադրվել է, իսկ Հակոբի թեկնածությունն առաջադրել էր կառավարող ՀՀԿ-ն, այդ թեկնածությունը պաշտպանում էր կառավարող կոալիցիան՝ ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ: Բոլոր ընտրական հանձնաժողովների 9 անդամներից ութը Ճոյտի մարդիկ էին: Նախընտրական մթնոլորտն այնպիսին էր, որ իշխանությունը հարկադրում էր լծակների տիրապետող բոլոր անձանց՝ դպրոցների տնօրեններ, էլցանցի, գազի գրասենյակի պետ, սոցիալական ծառայության ղեկավար եւ այլն, աջակցել թեկնածու Հակոբյանին: Եթե մեկը չէր ենթարկվում, նրան պաշտոնանկում էին: Եվ նույնիսկ այդ պայմաններում, երբ Հակոբյանի օգտին բազում ընտրախախտումներ էլ արվեցին, (խախտումների վերաբերյալ հրապարակումներ կան «Հրապարակ», «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակի միտք», «Ժամանակ» թերթերի այդ օրերի հրապարակումներում) միեւնույն է՝ Էջմիածնեցին ընտրեց Կարեն Գրիգորյանին: Եվ մեկ փաստի էլ անդրադառնամ, որ նախորդ հարցազրույցում էր ակնարկվել: Խոսում են մարտի 1-ի բացահայտման մասին՝ ակնարկելով, թե Մանվել Գրիգորյանն այդ տեսանկյունից անհանգստանալու բան ունի: Ճիշտ հակառակը: Մանվել Գրիգորյանն անկեղծ կամենում է, որ ամբողջությամբ բացահայտվեն թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի մեկը: 2008-ին Մանվել Գրիգորյանը հրաժարվեց ենթարկվել ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամանին: Նա չմասնակցեց բարձրագույն հրամկազմի խորհրդակցությանը, որի ժամանակ պլանավորվում էր ուժային մեթոդներ կիրառել ցուցարարների նկատմամբ: Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ Երկրապահը սահմանից այն կողմ գտնվող թշնամու դեմ պայքարելու համար է, որ Երկրապահը երբեք դուրս չի գա հարազատ ժողովրդի դեմ: Նա չմասնակցեց մարտի մեկի սպանդին՝ նախընտրելով ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Իսկ թե ովքեր էին ղեկավարում այդ օրերին ապօրինի հիմնված շտաբը, ովքեր էին ծեծում խաղաղ ցուցարարներին, ցուցակը դարձյալ մանրամասն հրապարակվել է այդ օրերի մամուլում: Կարելի է փորփրել ու գտնել բոլոր մանրամասները:

Նմանատիպ նյութեր