211652_close_icon
views-count7537 դիտում article-date 15:50 28-05-2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ողջունելով հյուրին` արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղեց Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի նոր վարչակազմի հետ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու՝ միտված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձրաստիճան հանդիպումները լավ առիթ են ընձեռում երկու բարեկամ երկրների հարաբերությունների օրակարգային հարցերին անդրադառնալու, փոխգործակցության առավել սերտացմանն ու խորացմանն ուղղված համատեղ քայլերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: Հատուկ անդրադարձ կատարվեց մշակութային ոլորտում իրականացվող նախաձեռնություններին` որպես հաջողված օրինակ բերելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագիրը` ուղղված Սմիթսոնյան ինստիտուտի Մշակութային փառատոնին Հայաստանի պատմամշակութային ժառանգության ներկայացմանը: Հանդիպման օրակարգում էին նաև միջազզային և տարածաշրջանային մի շարք հարցեր: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր