211652_close_icon
views-count2755 դիտում article-date 19:32 05-03-2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով փոխտեղակալին

Այսօր՝ մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին: Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունները և կարևորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար: Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երևանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշեց. «Տնտեսական և առևտրային կապերն օգնում են ձևավորել միավորումներ ու գործընկերություններ, և ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առևտրի ծավալների ընդլայնմանը և Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը: Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդայմանն առնչվող հարցեր, կարևորեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել:

Նմանատիպ նյութեր