211652_close_icon
views-count59177 դիտում article-date 19:59 29-05-2018

ՀՀ նախագահը ապշած էր. այսինքն, վիրավորված հերոսը պետպատվերով դեղեր չի՞ ստանում. news.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 29-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ շատ զարմացած էր այն փաստով, որ վիրավոր զինծառայողները պետական պատվերի շրջանակում անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում: Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք կենտրոնը բյուջետային ֆինանսավորում է ստանում, ինչին տնօրեն Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ Կենտրոնը գոյություն ունի մասնավոր նվիրատվությունների հաշվին, եւ նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները չի հաջողվում ստանալ պետական պատվերով: Այս արտահայտությունը մեծապես զարմացրեց նախագահին, եւ նա կրկին հարցրեց. «Այսինքն, հերոս տղան, որ գնացել վիրավորվել է, պետպատվերով դեղ չի՞ ստանում»: Հայկուհի Մինասյանը պարզաբանեց, որ անվճար կարելի է ստանալ միայն պետական գնումների շրջանակներում գնվողների ցանկում ներառված դեղամիջոցները, սակայն կան թանկ դեղեր՝ 125 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաեւ՝ թանկարժեք հետազոտություններ, որոնք պետպատվերի ցանկում ներառված չեն: Հարցին՝ արդյո՞ք խնդիրը բարձրացվել է երկրի ղեկավարության առջեւ, Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն խնդիրն ավելի շատ առողջապահության բնագավառից է, եւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին մի քանի դիմում էր ուղղվել, սակայն խնդիրը չի լուծվել: Նախագահը տնօրենին խնդրել է շատ հակիրճ, մի քանի կետով գրավոր տեսքով ներկայացնել հիմնական խնդիրները, որպեսզի ինքը կարողանա քննարկել դրանք համապատասխան գերատեսչությունների հետ: Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը` news.am-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր