211652_close_icon
views-count3872 դիտում article-date 17:11 30-05-2018

Քննարկվել են կապի և հեռահաղորդակցության ոլորտի օրակարգային խնդիրները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է կապի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք միությունների և ասոցիացիաների հետ հանդիպում-քննարկմանը։ «Օպերատորների հայկական միություն» ԻԱՄ-ի (իրավաբանական անձանց միություն), «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի և «Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցացիայի» ներկայացուցիչներն ու դրանց անդամակցող կազմակերպությունները ներկայացրել են ոլորտի արդի հիմնախնդիրները։ Մասնավորապես արծարծվել է թվային հեռուստահեռարձակման, հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման ոլորտում մրցակցության, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտի իրավական կարգավորման թեմաները։ «OTT» տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ առաջացել է անհավասար մրցակցային պայմաններ ձայնային և հեռուստահեռարձակման ծառայություններ մատուցող և լիցենզիայով աշխատող օպերատորների ու ինտերնետ կապի միջոցով նույն ծառայությունները (OTT content) մատուցող այլ կազմակերպությունների միջև։ Ոլորտի ներկայացուցիչների առաջարկն այն է, որ կա՛մ լիցենզիան վերացվի, կա՛մ հավասար կանոններ սահմանվեն բոլորի համար։ Հեռուստատեսային հեռարձակման ոլորտում բարձրաձայնված մյուս խնդիրը հայկական բոլոր հեռուստաալիքների անվճար հասանելիությունն է։ Նշվեց, որ ալիքներից մեկը հեռարձակվում է միայն մեկ օպերատորի կողմից։ Բացի այդ, հայկական հեռուստաալիքներից մեկի կողմից ձեռք է բերվել ֆուտբոլի միջազգային խաղերի միանձնյա հեռարձակման իրավունք, ինչը հնարավորություն չի թողնում մյուս հեռուստաալիքներին ևս հեռարձակել մեծ լսարան ունեցող այդ խաղերը։ Հանդիպմանը խոսվել է նաև կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտի իրավական կարգավորման մասին։ Մասնագետները նշել են, որ, համապատասխան պայմանների ստեղծման պարագայում, Հայաստանը կարող է գրավիչ միջավայր դառնալ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման համար։ Նախարարի առաջին տեղակալը արձագանքեց բարձրացված հարցերին` առաջարկելով, որ բոլոր խնդիրների շուրջ մշակվեն կոնկրետ առաջարկներ, որոնք նախարարությունը կդիտարկի և կփորձի համապատասխան լուծումներ տալ։ Հակոբ Արշակյանը կարևորեց այն հանգամանքը, որ դաշտում առկա է համագործակցություն և հիմնախնդիրները բարձրացվում են ոչ թե առանձին ընկերությունների շահերից ելնելով, այլ բոլոր շահառուների ընդհանուր հետաքրքրություններն են ներկայացնում։ Նա նաև հավաստիացրեց, որ բարեփոխումներն ու իրավական շտկումները նույնպես կատարվելու են այդ տրամաբանությամբ։

Նմանատիպ նյութեր