211652_close_icon
views-count3706 դիտում article-date 19:38 01-06-2018

«Ժառանգություն» կուսակցության կոչը Նիկոլ Փաշինյանին՝ սկսել քաղաքական համախմբման գործընթաց

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ հետեւում է թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանության ղեկը ստանձնած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա հետ համագործակցաբար կառավարություն ձեւավորած խորհրդարանական չորս կուսակցությունների գործունեությանը՝ ուղղված Հայաստանում օրինականության հաստատմանը եւ երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ «Մենք գտնում ենք, որ վերջապես Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ձեւավորել օրինական իշխանություն՝ մրցակցային հենքով, գաղափարների եւ սկզբունքների համադրման եւ քաղաքական բանավեճի արդյունքում: Միեւնույն ժամանակ, մեզ համար տեսանելի են այն վտանգները եւ մարտահրավերները, որոնք դեռ կանգնած են երկրի առջեւ՝ անցումային այս շրջանում, երբ ժողովրդավարության վերջնական եւ անշրջելի հաստատումը դեռեւս տեղի չի ունեցել, իսկ քրեաօլիգարխիկ համակարգը եւ ի թիվս այլոց՝ այն ներկայացնող ՀՀԿ միջուկը դեռ պարունակում է իր մեջ սաբոտաժի իրականացման ներուժ: Դա են ցույց տալիս գնաճի եւ աշխատատեղեր փակելու սպառնալիքները, որոնց դեմ են առնում իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելուն մի կողմից եւ քրեական տարրերի կալանավորումներից հետո՝ նրանց աջակիցների կողմից կազմակերպվող բեմականացված դիմադրությունը մյուս կողմից: Այս հարաճուն սպառնալիքներին արդյունավետ դիմակայությունը պահանջում է քաղաքական դաշտի համախմբում՝ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ թե՛ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ թե նոր ձեւավորվելիք խորհրդարանում: Լինելով կանգնած ապօրինի իշխանությունների դեմ երկարամյա պայքարի ակունքներում եւ վերահաստատելով իր հավատարմությունը համաժողովրդական շարժմանը եւ դրա արդյունքում իրականացված թավշյա հեղափոխությանը, մենք միեւնույն ժամանակ կանգնած ենք կարեւոր որոշման ընդունման նախաշեմին: Որպես Հայաստանի բարենորոգման եւ զարգացման իր ուրույն տեսլականը ունեցող քաղաքական ուժի, մեր հետագա քայլերը որոշակիացնելու նպատակով մեզ անհրաժեշտ է վերահաստատել մեր մոտեցումների եւ սկզբունքների ըստ էության համընկնումը իշխանության ղեկը ստանձնած ուժի պատկերացումների հետ, ինչից էլ կբխի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հնարավոր համագործակցության ձեւաչափը: Վստահ ենք, որ նույն որոշման անհրաժեշտության առջեւ են կանգնած նաեւ մյուս արտախորհրդարանական ուժերը: Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցկացնել համապատասխան խորհրդակցություններ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Որպես առաջին քայլ՝ պարոն Փաշինյանին հրավիրում ենք հանդիպման «Ժառանգության» վարչության հետ՝ այս հարցը քննարկելու եւ հնարավոր համագործակցության եզրերը նախանշելու նպատակով:

Նմանատիպ նյութեր