211652_close_icon
views-count3091 դիտում article-date 16:45 02-06-2018

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հայկ Թովմասյանը, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Արամայիս Ամիրբեկյանի նկատմամբ: Այսպես, 2018 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, այդ թվում՝ Հայկ Թովմասյանը: Նրանք ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնելու և հասարակական կարգն ապահովելու նպատակով քաղաքացիներին հեռացրել են խաչմերուկի երթևեկելի հատվածից, իսկ որոշ դեպքերում՝ բերման ենթարկել ոստիկանական բաժիններ: Այդ ընթացքում Հ. Թովմասյանը մյուս ոստիկանների հետ նշված խաչմերուկից հեռացրել է նաև բողոքի ակցիաների մասնակից Արամայիս Ամիրբեկյանին և վերջինիս տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի սրահ: Այնուհետև, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Հ. Թովմասյանը ավտոմեքենայի սրահում բռնություն է գործադրել Ա. Ամիրբեկյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածներ հասցնելով նրա գլխին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր