211652_close_icon
views-count1967 դիտում article-date 17:55 07-06-2018

ՀՀ ԳԱԱ նախագահը մասնակցել է Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության 19-րդ գլխավոր ասամբլեային

Սույն թվականի մայիսի 16-18-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Բուլղարիայի Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) 19-րդ գլխավոր ասամբլեային: Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվեցին «Գիտությունը վտանգված վստահության և փորձաքննության ժամանակաշրջանում» և «Եվրոպական գիտական խորհրդատվության ձևավորում, գաղափարներ և փորձ» թեմաներով գիտական սիմպոզիումներ: «Ներկայացվեցին զեկուցումներ գիտությունը և քաղաքականությունը թեմայով` ուշադրություն դարձնելով դրանց փոխհարաբերություններին, որովհետև գիտության զարգացումն անմիջապես կապված է տվյալ երկրի հնարավորությունների և գիտության նկատմամբ վերաբերմունքի հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Գլխավոր ասամբլեայի ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչը հարց բարձրացրեց ակադեմիական ինստիտուտները ԲՈՒՀ-ական համակարգերին միացնելու մասին: Սակայն այս առաջարկությունը հանդիպեց խիստ բացասական գնահատականի տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների և ALLEA-ի նախագահի կողմից: Գլխավոր ասամբլեայի ժամանակ տեղի ունեցան ALLEA-ի նախագահի և ղեկավար մարմնի ընտրություններ, որին մասնակցեց ՀՀ ԳԱԱ-ն: ALLEA-ի նախագահ ընտրվեց Շվեյցարիայի արվեստի և գիտությունների ակադեմիաների նախագահ, Բազելի համալսարանի նախկին ռեկտոր Անտոնիո Լոպրիենոն: ՀՀ ԳԱԱ նախագահը հանդիպում է ունեցել ALLEA-ի նորընտիր նախագահի հետ և հրավիրել Հայաստան` մասնակցելու այս աշնանը տեղի ունենալիք ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու է հրավիրվել նաև Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը: Երկու նախագահներն էլ ընդունել են հրավերը: ALLEA-ն հիմնադրվել է 1994 թ-ին և միավորում է Եվրոպական խորհրդի տարածաշրջանի 40 երկրների 60 ակադեմիաներ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ևս անդամակցում է ALLEA-ին` կարևորելով միջազգային համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր