3991 դիտում
14:44 14-06-2018
Թեղուտի խնդրով մտահոգ գործիչները բաց նամակ են ուղղել Նիկոլ Փաշինյանին
Մի խումբ բնապահպան և հասարակական գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտահայտելով իրենց մտահոգությունը Թեղուտի բնապահպանական խնդիրների վերաբերյալ․
«Հարգելի պարոն վարչապետ,
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը հանգեցրել է ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական իրավիճակի սրման:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար ՀՀ կառավարությունը 2007թ-ի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 1279-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ անվան տակ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներից ստիպողաբար վերցրել է 81,483 հեկտար հող և տրամադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Մեկ քմ հողի դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ն վճարել է 40-50 դրամ: Մարդիկ զրկվել են սեփական հողերից, գյուղատնտեսությամբ ու սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, անտառի բարիքներից, մաքուր հողից, մաքուր ջրից և մաքուր օդից: Սեփական եկամուտներից զրկվելով` բնակիչների մի մասը կախվածության մեջ է ընկել «Թեղուտ» ՓԲԸ-ից, որտեղ ընդունվել է աշխատանքի: Սակայն 2018թ-ի փետրվարին «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ անժամկետ դադարեցնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը և լուծում 1032 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը:
Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները փակել են դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը` պահանջելով վերականգնել իրենց ապրուստ վաստակելու իրավունքը, քանի որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով նրանք զրկվել են եկամտի իրենց աղբյուրներից:
Նախկին կառավարությունը պարտավոր էր հետաքննել և հանրությանը ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում «Թեղուտ» ՓԲԸ-ում, վարկային պայմանագրերի դադարեցման հիմքերը, որոնք ներկայացրել էր դանիական կողմը: Դանիական PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը հետ է պահանջել ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլլարի չափով վարկը լուրջ էկոլոգիական և սոցիալական խնդիրների պատճառով: Նախկին կառավարությունը պարտավոր էր հետաքննել և հանրությանը ներկայացնել, թե արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագրային պարտականությունների չկատարման համար ներպետական օրենսդրությամբ ինչ պատասխանատվություն պետք է կրի, ինչքան անտառ է իրականում հատվել, և որքան անտառ է իրականում տնկվել, որքան է տնկված անտառի կպչողականությունն իրականում և որքանով է օրենքի տառին համապատասխանում անտառի փոխարեն 180 հա տարածքում պտղատու այգիների տնկումը, որքանով է Թեղուտի պոչամբարն անվտանգ տեղի բնակիչների համար, արդյոք ընկերությունն ունի պոչամբարի ռիսկերի կառավարման կարգ, թե` ոչ, արդյոք ընկերությունը գումարներ նախատեսել է սոցիալական ծրագրերի, բնապահպանական խնդիրների վերացման, հանքի փակման, պոչամբարի անվտանգության ապահովման, վնասների փոխհատուցման համար և այլն:
Չի բացառվում, որ խախտելով պարտավորությունները, «Թեղուտ» ՓԲԸ-ն կարող է դադարեցնել իր գործունեությունը` չվերականգնելով շրջակա միջավայրին և տեղի բնակչությանը պատճառված վնասները, պետությանը թողնել կիսով չափ շահագործված հանքավայր, որի հարուստ և դյուրին արդյունահանվող պաշարները հանվել են, իսկ մնացած պաշարները արդյունահանելը շահավետ չէ:
Թեղուտի հանքի շահագործումը տեղի է ունեցել առանց պետական պատկան մարմինների և տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչությունների կողմից պատշած հսկողության, չեն բացահայտվել «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում առաջացած բնապահպանական և սոցիալական խնդիրները: Նման պայմաններում եթե «Թեղուտ» ՓԲԸ-ն գնա գործունեության լիակատար դադարեցման, ապա դա կնշանակի, որ ՀՀ կառավարությունը թույլ է տալիս ընկերությանը` մնալ անպատիժ ու առանց պատասխանատվություն կրելու, որի արդյունքում մենք՝ քաղաքացիներս և պետությունը, կկանգնենք վերը նշված խնդիրների առջև։
Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը վերջապես իրագործի ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ իր լիազորությունները և պարտավորեցնի «Թեղուտ» ՓԲԸ-ին վերականգնել խախտված տարածքները, տնկել հատված անտառի կրկնապատիկը և պատշաճ խնամք ապահովել, իրականացնել Թեղուտի պոչամբարի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց, կանխել Շնող և Դեբեդ գետերի, հողերի աղտոտումը ծանր մետաղներով, հանրությանը ներկայացնել այն դրամագլուխը, որն ընկերությունը պետք է նախատեսած լինի հանքի փակման, պոչամբարի ռեկուլտիվացիայի, Թեղուտի հանքավայրի ենթակառուցվածքների ապամոնտաժման և շրջակա միջավայրի վերականգնման համար: Այս գործողությունները պետք է կրեն պարտադիր բնույթ անկախ նրանից, թե ընկերությունը շահագործում է Թեղուտի հանքը, թե` ոչ:
Եթե ընկերությունը որոշի փակել հանքը, ապա պետք է կատարի «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված և նույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվող պարտավորությունները, որոնք են`
«ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները»:
Պահանջում ենք պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին (ներկայումս` ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), ով ստորագրել է Թեղուտի ծրագրի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, որում անտեսվել են Թեղուտի ծրագրի ռիսկերի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերը և եզրակացությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ բողոքները:
Հուսով ենք, որ նոր կառավարությունը անհապաղ միջոցներ կձեռնարկի, որպեսզի Լոռու մարզի սահմանամերձ գոտում տեղի չունենան էկոլոգիական աղետ և սոցիալական ցնցումներ»,- նշված է բաց նամակում:
Բաց նամակը ստորագրել են՝
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան
«Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի Վարդանյան
Անկախ փորձագետ Ռոզա Ջուլհակյան
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, Ելենա Մանվելյան
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, Սամվել Պիպոյան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա, Կարինե Դանիելյան
Անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյան
Նմանատիպ նյութեր
5068 դիտում
22:24 09-08-2018
Շանթ Հարությունյանի արդարացման հարցը․ մշակույթի գործիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
1578 դիտում
13:09 21-08-2019
Գեղանուշի պոչամբարով մտահոգ հանրությունը ցանկանում է ծանոթանալ Թեղուտի պոչամբարի հետազոտության փաստաթղթերին
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»