211652_close_icon
views-count80755 դիտում article-date 15:30 27-06-2018

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրն ու ևս 3 մեղադրյալներ ազատ են արձակվել կալանքից

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի, Տիգրան Աթանեսյանի և Զորայր Հարությունյանի վերաքննիչ բողոքներն ու կալանքից ազատ արձակել Էրեբունիում անչափահասին ծեծելու գործով կալանքի տակ գտնվող Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին, Վլադիմիր Մխիթարյանին և Սարգիս Հակոբյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նշենք, որ Սարգիս Հակոբյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրն է: «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով մեր վերաքննիչ բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և որոշում է կայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու և նույն քրեական գործով մեր 4-րդ պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու մասին: Նրանք այժմ միայն մեղադրյալի կարգավիճակ ունեն, խափանման միջոց ընտրված չէ, ինչը և պարտադիր չէ»,-ասաց Ալեքսանյանը: Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Սարգիս Բաղդասարյանին, Սարգիս Հակոբյանին, Վլադիմիր Մխիթարյանին և Գագիկ Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապրիլի 20-ին Երևանի Այվազովսկի 29 հասցեի դիմաց դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին և Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սարգիս Հակոբյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Նմանատիպ նյութեր