211652_close_icon
views-count2553 դիտում article-date 16:26 27-06-2018

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց է կատարել Լիոն

Հունիսի 21-ից 22-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Քրիստոֆ Գիյոտոյին, Ֆրանսիայի փոքր և միջին ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի (ՖՓՄՁԿ) միջազգային հարցերով փոխնախագահ Ֆրանսուա Տուրկային, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժաք Կոմբիին: Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Ֆրանսիայի, հատկապես Երևանի ու Լիոնի միջև առանձնահատուկ հարաբերությունները: Զրուցակիցները քննարկեցին ս.թ. մարտին Լիոնի քաղաքապետի՝ Երևան կատարած այցի արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախատեսվող այցին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվելիք Տնտեսական ֆորումին և Ֆրանկոֆոնիայի ավանին Լիոնի ներկայացուցիչների մասնակցությանը: Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը: Դեսպան Տոլմաջյանը և դեպարտամենտի խորհրդի նախագահ Գիյոտոն պայմանավորվածություն ձեռք բերեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու շուրջ՝ ընդգծելով այս տարի ապրիլից գործող Երևան-Լիոն ուղիղ չվերթի կարևորությունը: ՖՓՄՁԿ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան 2017թ. հոկտեմբերին կոնֆեդերացիայի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքներին և համաձայնեցին հետագա աշխատանքներ տանել համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Լիոն 3 համալսարանի նախագահի հետ հանդիպմանը կարևորվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում: Քննարկվեց հայ ուսանողների ներգրավմամբ տնտեսական կապերի ընդլանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հնարավորությանը: Դեսպանը նաև այցելեց Լիոնի Սուրբ Հակոբ Հայ առաքելական եկեղեցի և Մակարյան-Փափազյան հայկական ամենօրյա դպրոց, հանդիպեց եկեղեցու ծխական խորհրդի անդամներին: Գլխավոր հյուպատոսությունում դեսպանը հանդիպեց Կենտրոնական Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահների, Լիոն մետրոպոլի քաղաքային խորհուրդի, ինչպես նաև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր