211652_close_icon
views-count7497 դիտում article-date 23:19 28-06-2018

Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Քվեմո-Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմն այցելեցին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր։ Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին նաև Մառնեուլիի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և Մառնեուլիի շրջանի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Ամիրան Գիորգաձեն։ Այցելության առաջին կանգառները Հայաստանին սահմանակից Ախքյորփի, Չանախչի, Խոխմել, Ծոփ, Գյուլուբաղ և Խոժոռնի գյուղերն էին, որտեղ դեսպանը հանդիպումներ ունեցավ գյուղերի հայ բնակչության հետ։ Դեսպան Սադոյանը, ծանոթանալով գյուղացիներին հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին միջգյուղային անմխիթար ճանապարհներին, ջրամատակարարմանը, գազաֆիկացմանը, դպրոցների վիճակին, նշեց, որ այդ հարցերը նա կբարձրացնի վրացական իշխանության ներկայացուցիչներ հետ հանդիպումներին։ Դեսպանը, այնուհետև այցելեց Դամիա գյուղ, որտեղ հանդիպեց գյուղի բնակչությանն ու ծանոթացավ հիմնանորոգված դպրոցի պայմաններին։ Այցի հաջորդ կանգառը Մառնեուլիի շրջանի ամենահայաշատ Շահումյան ավանն էր, որտեղ դեսպանն այցելեց եկեղեցի և մոմավառության արարողությունից հետո հանդիպում ունեցավ տեղի բնակչության հետ, որից հետո մեկ այլ հանդիպում էլ տեղի ունեցավ դպրոցի բակում հավաքված հայության հետ։ Այնուհետև, դեսպանն այցելեց Կարմիր և Միրզոևկա գյուղեր։ Կարմիր գյուղում դեսպան Սադոյանը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կանգնեցված խաչքարի առջև, որից հետո հանդիպում ունեցավ գյուղի բնակչության հետ։ Իր ելույթներում դեսպան Սադոյանը կոչ էր անում տեղի հայությանը դեսպանության հետ պահպանել մշտական ակտիվ կապը, որի միջոցով հնարավոր կդառնա գյուղացիներին հուզող մի շարք հարցերին լուծումներ տալ։ Դեսպան Սադոյանը գյուղացիներին վստահեցրեց, որ նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ, որպեսզի տեղի հայությունը մշտապես իր թիկունքում զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունը։ Այցի շրջանակներում գյուղերի դպրոցներին նվիրաբերվեցին գեղարվեստական գրականություն, իսկ աշակերտներին՝ գրենական պիտույքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր