3742 դիտում
23:57 28-06-2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է հայ- ֆրանսիական հարաբերությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար:
Փոխվարչապետը կարևորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում և անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների շարունակականությունն ու հետագա ընդլայնումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիական կազմակերպությունների դերը հայկական տնտեսության մեջ՝ դրանց կողմից եվրոպական գործարար մշակույթը Հայաստան բերելու և աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու ունակության առումով:
Փոխվարչապետը նաև դրվատանքով է խոսել հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի և մեր երկրի աշխատաշուկայում մրցունակ համալսարանի շրջանավարտների մասին:
Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին, հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծել ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր և կյանքի կոչել առաջ քաշած բարեփոխումների ծրագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և հեռանկարի վերաբերյալ:
Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ մինչ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան հայ-ֆրանսիական համագործակցության նոր ձեռքբերումներ և հաջողությամբ իրականացված նախաձեռնություններ կլինեն:
Նմանատիպ նյութեր
3109 դիտում
16:53 13-03-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1138 դիտում
12:14 27-09-2019
Ժոնաթան Լաքոտի գրառումը Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ հայերի զորակցության մասին
Այս բաժնից
2020 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր