211652_close_icon
views-count4125 դիտում article-date 18:15 09-07-2018

Ալիևը չի մասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Այսօր՝ հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կուղևորվի նախագահական պալատ, հաղորդում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/07/09/%D4%B1%D5%AC%D5%AB%D6%87-%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A4%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/132804]ermenihaber.am[/url]-ը։ Թուրքական ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրներն հայտնում են, որ արարողության մասնակցելու է 22 պետության ղեկավար, իսկ 28 երկիր ներկայացված է լինելու վարչապետի ու խորհրդարանի նախագահի մակարդակով։ Ուշագրավ է, որ Թուրքիայի եղբայրական պետության նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը: Արարողությանը Ադրբեջանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով: Ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ վարչապետ Նովրուզ Մամեդովի ղեկավարած պատվիրակությունն արդեն ժամանել է Անկարա: Իսկ նախագահ Ալիևը մնացել է Բաքվում և հանդիպում է անցկացրել շվեյցարացի գործարարների հետ` քննարկելով գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները: Ադրբեջանի նախագահի` իր «եղբոր» Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը չմասնակցելու պատճառները հայտնի չեն: Նշենք, որ վերոնշյալ արարողությանը կմասնակցեն Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Կոսովոյի, Կատարի, Պակիստանի, Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության, Ղրղզստանի, Սուդանի, Գվինեայի, Զամբիայի, Հասարակածային Գվինեայի, Գվինեա Բիսաուի, Սոմալիի, Մավրիտանիայի, Գաբոնի, Չադի, Ջիբութիի և Վենեսուելայի նախագահները։ Էրդողանը նախագահական պալատ մուտք կգործի հեծելազորի ուղեկցությամբ, այդ նույն ժամանակ 101 հրանոթային համազարկ կտրվի։ Էրդողանը նախագահ է ընտրվել՝ հաղթելով ս.թ. հունիսի 24-ին անցկացված ընտրություններում և ստանալով ընտրողների 52,6% ( 26 մլն 330 հազար 823 ) ձայները:

Նմանատիպ նյութեր