211652_close_icon
views-count2148 դիտում article-date 18:28 09-07-2018

ՀՀ ՏԿՏՏ նախարարն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը. քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության և Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարն ընդգծեց, որ երկու ծրագրերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, և նախարարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակապես բարձր մակարդակով և նախանշված ժամկետների շրջանակներում։ Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին։ Նշվեց, որ աշխատանքներն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում, որն էլ աշխատանքներում զգալի առաջընթաց կգրանցի: Ներկայացվեցին նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներ։ Կասիմ Սյուրկանին նշեց, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև երկարամյա, ընդգրկուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն է հաստատվել: Նա ընդգծեց, որ ցանկություն ունեն առաջիկայում այն ավելի խորացնելու և քննարկելու համագործակցության նոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր