211652_close_icon
views-count3325 դիտում article-date 00:01 11-07-2018

Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի դատարանների նախագահներ է ընտրել

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նստավայրերի նպատակային սահմանման, տարբեր նստավայրերում դատավորների միջև գործերի բաշխման համակարգի բարեփոխման, գործերի վերաբաշխման չափորոշիչների հստակեցման, բարդության աստիճանից ելնելով՝ գործերի քննության չափորոշիչների ժամկետների սահմանման հետ կապված հարցերին: Դատավորները մտահոգություն հայտնեցին արդարադատություն իրականացնելու ճանապարհին հանդիպած մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք հաճախ խոչընդոտում են դատարանի բնականոն գործունեության իրականացմանը և հրատապ լուծում են պահանջում, մասնավորապես, խոսքը վերաբերում է, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության սահմանմանը, դատավորին ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման կարգերին: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նկատեց, որ բարձրաձայնված հարցերը Խորհրդում օրակարգային են և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու ուղղությամբ: Բարձրագույն դատական խորհրդի խնդիրն է՝ կարողանալ դատավորների հետ աշխատել գործակցաբար՝ երաշխավորելով դատական իշխանության անկախությունը՝ անկախ դատարանի և անկախ դատավորի միջոցով: Այս առումով Խորհրդի նախագահը ևս մեկ անգամ կոչ արեց դատավորներին իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նկատի ունենալ Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները, Վենետիկի հանձնաժողովի զեկույցը՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ, Դատական խորհուրդների եվրոպական միավորման՝ վերջերս ընդունված Լիսաբոնյան հռչակագիրը, ինչպես նաև ԲԴԽ ուղերձը, որոնք տեղադրված են դատական իշխանության պաշտոնական court.am կայքում: Առանձնակի կարևորվեց ցանկացած տեսակի կոռուպցիոն դրսևորումների վերացման խնդիրը: Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արթուր Մարգարյանը: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով: Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրեց ձայների հետևյալ բաշխվածությունը. Սարգսյան Գագիկ – 5 Պողոսյան Թաթուլ – 1 Սահակյան Սերգեյ – 3 Հովհաննիսյան Գրիգոր – 1 Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Սարգսյանի և Սերգեյ Սահակյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Սարգսյան Գագիկ – 8 Սահակյան Սերգեյ – 2 Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Սարգսյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Սարգսյան Հրաչիկ – 4 Մելքոնյան Հովհաննես – 2 Հովհաննիսյան Էդգար – 3 Բոլորին դեմ – 1 Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։ Արձանագրվեց հետևյալ արդյունքը. Հովհաննիսյան Էդգար – 5 Սարգսյան Հրաչիկ – 4 Արդյունքում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում որևէ մեկը չընտրվեց, ուստի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կկազմակերպվի նոր ընտրություն: [b]Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր