211652_close_icon
views-count7371 դիտում article-date 13:04 16-06-2018

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանների նախագահներին

Հունիսի 14-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվեց տվյալ դատարանների նախագահների ընտրություն: Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն ընդգծեց, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին: «Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում, դուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես Խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ, չափորոշիչներում, որոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունը, դատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջ, որում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը: Հանդիպում-խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչեցին առաջարկություններ, կարծիքներ, դրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվեցին՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով: Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշի, ապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման Կուրեխյանը: Խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 1. Զաքինյան Զոյա -1 2. Իսկանդարյան Սիմա -0 3. Կուրեխյան Արման -7 4. Մարդանյան Սամվել -2 5. Մելքոնյան Ռաֆիկ -0 6. Օհանյան Արման -0 Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրվեց ձայների հետևյալ բաշխվածությունը. 1. Ասատրյան Ժաննա -1 2. Բեգլարյան Իգնատ -0 3. Գրիգորյան Սամվել -5 4. Թումանյան Անահիտ -1 5. Հովակիմյան Մուրադ -0 6. Սարգսյան Դավիթ -1 7. Սարդարյան Արսեն -1 8. Օհանյան Նապոլեոն -1 Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները: Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը. 1. Գրիգորյան Սամվել -7 2. Թումանյան Անահիտ -1 Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Սամվել Գրիգորյանը: [b]Դատական դեպարտամենտի մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր