211652_close_icon
views-count3831 դիտում article-date 13:26 12-07-2018

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությունը. քննարկվել են գյուղոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման ծրագրի տեղակալ Սառա Մայիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ Հայատանի համագործակցությունը ՀԲ-ի հետ երկար տարիների փորձառություն ունի՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ և ընդլայնվել տարբեր ուղղություններով։ Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն ու թիրախները՝ նշելով, որ այդ ուղղությունների զարգացման համար ակնկալում են նաև ՀԲ-ի աջակցությունը։ Արթուր Խաչատրյանը մասնավորապես շեշտադրել է երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 90-95 տոկոսն ապահովվող փոքր գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումը, օգտագործվող վարելահողերի մակարդակի բարձրացումը, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը։ Նախարարը միաժամանակ նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև օրգանական և բարձրաժեք գյուղատնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները։ ՀԲ-ի պատվիրակները ներկայացրել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի կատարողական արդյունքները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC I,II) ծրագրի, ճապոնական PHRD դրամաշնորհի շրջանակներում կատարված աշխատանքներին, գրանցված ձեռքբերումներին և հետագա անելիքներին։ Ներկայացվել են նաև ՀԲ-ի կողմից տարածաշրջանի երկրներում իրականացված թվային գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական մեխանիզացիայի ոլորտին վերաբերող ուսումնասիրության` Հայաստանի արդյունքները և այդ ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների բարելավմանն ուղղված դիտարկումները։ Առաջարկ է հնչել հոկտեմբեր ամսին Երևանում կազմակերպել թվային նորարարությունների մրցույթ՝ շեշտադրելով, որ թվային տեխնոլոգիաները կարող են արմատական լուծումներ տալ գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներին, մասնավորապես խորհրդատվության, ռիսկերի կառավարման, բերքի կանխատեսման, ոռոգման և այլ ոլորտներում։ Նշվել է, որ ՀԲ-ի գնահատականներով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը տարածաշրջանում լավագույնն է և կարող է օրինակ ծառայել այլ երկների համար ևս։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր