211652_close_icon
views-count2712 դիտում article-date 11:09 24-07-2018

«Տաբուները ջարդելու և խնդրահարույց հարցերը զգուշորեն վերանայելու քաղաքականություն պետք է որդեգրվի նոր իշխանությունների կողմից». Էդգար Վարդանյան. aravot.am

«Տաբուները ջարդելու և խնդրահարույց հարցերը զգուշորեն վերանայելու քաղաքականություն պետք է որդեգրվի նոր իշխանությունների կողմից: Իմ հետազոտությունն այդպիսի քաղաքականություն վարելու հիմքեր է տեսնում»,- [url=https://www.aravot.am/2018/07/23/971813/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ամփոփելով իր կատարած «Մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավերի շրջանում տարածված մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» հետազոտության արդյունքները՝ հայտնեց հետազոտության հեղինակ, քաղաքագետ, «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը: Նախագիծն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Այսօր ներկայացվեցին հետազոտության արդյունքները: Պարոն Վարդանյանի ձևակերպմամբ՝ մենք պետք է սովետական ժամանակահատվածի բռնաճնշումների մասին խոսենք ու դատապարտենք դրանք, որպեսզի այլևս չկրկնվեն: Պիտի միտված լինենք դեպի ժողովրդավարական արժեքներ և հետ նայելիս միշտ հիշենք ներկայի ու ապագայի մասին: Էդգար Վարդանյանը հավաստիացրեց. «Մենք ուղղակի մեր անցյալը քննադատելու համար չենք քննադատում, այլ անում ենք դա, որ այսօր կառուցենք այն երկիրը, որի համար պայքարում էինք, պայքարում ենք և կպայքարենք»: Տեղեկացնենք՝ շուտով հետազոտությունը կտպագրվի: Համեմատելով ներկայիս և նախկին իշխանությունների մոտեցումները սովետական անցյալի նկատմամբ՝ պարոն Վարդանյանը նշեց. «Կարելի է ասել, որ հին իշխանությունները տոտալիտար խորհրդային անցյալը, բոլոր հայ բոլշեվիկներին արդարացնելու ոչ ֆորմալ քաղաքականություն էին վարում, իսկ նոր իշխող քաղաքական վերնախավի շրջանում ավելի շատ տարածված է տոտալիտարիզմը դատապարտող մոտեցումը: Ասում են՝ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել բռնաճնշումներ իրականացրած բոլշևիկների և ուղղակի պաշտոն զբաղեցրած, բռնություններում չներգրավված բոլշևիկների նկատմամբ: Առաջիններին դատապարտել է պետք անկախ նրանից, թե առանձին ինչ-որ դրական գործ արել են, թե՝ ոչ, երկրորդների նկատմամբ այլ վերաբերմունք ցուցաբերել: Պիտի հասկանալ, որ մի մասն իրենց համոզմունքներից ելնելով, մի մասը ստիպված ծառայում էին այդ ոչ դեմոկրատական համակարգին»: Միևնույն ժամանակ հեղինակը հայտնեց՝ հետազոտությունը ամբողջական, ներկայացուցչական չէ, այն ուղղակի փորձել է հասկանալ ինչ տրամաբանություններ ու տեսակետներ կան: Հետազոտությունը ցույց է տվել, որ իշխող քաղաքական վերնախավի շրջանում կան խիստ դատապարտող տրամադրություններ խորհրդային ռեժիմի, հակադեմոկրատական գործընթացների, բռնաճնշումների նկատմամբ: Ներկայիս իշխող քաղաքական վերնախավի շատ ներկայացուցիչներ հանդես են գալիս խորհրդային պատմության վերանայման թեզի օգտին ի տարբերություն նախկին իշխող քաղաքական վերնախավի ներկայացուցիչների, որոնք դեմ էին սովետական պատմության վերանայմանը և համարում էին, որ քանի որ դա մեր պատմության մի մասն է ապա չի կարելի քննադատել այդ շրջանը եւ նրա գործիչներին և քննադատելը հավասարեցնում էին պատմության սևացմանը: Հետաքրքրվեցինք՝ հարցազրույցներ վարե՞լ է ներկա և նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, պարոն Վարդանյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ականների տրամադրությունները մեդիա դիսկուրս անալիզի միջոցով է պարզել, իսկ ներկայիս քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ արել է խորքային հարցազրույցներ: Հարցին՝ ՀՀԿ-ականները չե՞ն նեղանա, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Նեղանալու խնդիր չեմ տեսնում՝ նրանք ինտենսիվ կերպով 2017-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոսել են սովետական անցյալի խնդրի հետ կապված, քանի որ ԵԼՔ-ի՝ փողոցների անվանափոխման նախաձեռնությունը կար և սովետական շրջանի բռնաճնշումների օրերին նվիրված Խավարում ցուցահանդեսը փակվեց: Այդ երկու իրադարձությունները նպաստեցին նրան, որ ինտենսիվ կերպով այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները խոսեն սովետական անցյալի մասին: Նրանք ասում էին, որ սովետական անցյալը ջնջելու, հայ բոլշևիկներին սևացնելու քաղաքականություն են իրականացնում ընդդիմադիրները եւ որ դա անընդունելի է: Դա բավարար էր, որ հասկանայինք նրանց հրապարակային տեսակետը: Դա ոչ ֆորմալ քաղաքականություն էր, որն ինչ-որ կերպ արդարացնում էր հանցագործություն իրականացրած բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող հայ բոլշևիկներին»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/07/23/971813/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր