211652_close_icon
views-count4997 դիտում article-date 18:31 25-07-2018

Աղիքային վարակների աճ կա. առողջապահության նախարարությունը հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել

ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում: Մասնավորապես, անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարբեր մանրէներ (օրինակ՝ շիգելա, սալմոնելա, էշերիխիաներ և այլն), վիրուսներ (օրինակ՝ էնտերովիրուսներ, նորովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն): Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Աղիքային վարակներով հիվանդացության ակտիվացումը բնորոշ է ամառային ամիսներին` պայմանավորված մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությամբ: Վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ աղիքային վարակների տարածմանը նպաստում են նաև արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմանները, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ: Այս խումբ հիվանդությունների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնով: Հարուցիչներն ինտենսիվ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում: Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է` եթե նկատում եք ինքնազգացողության վատթարացում կամ ձեզ մոտ ի հայտ են եկել աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, ինչպիսիք են լուծը, սրտխառնոցը և փսխումը, ջերմության բարձրացումը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք մասնագետի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման, որոնք շատ ավելի դժվար են բուժվում: Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ մի ընդունեք, քանի որ դրանք հաճախ այդքան էլ արդյունավետ չեն, իսկ վիրուսային ծագման աղիքային վարակների դեպքում՝ անարդյունավետ, անգամ՝ վնասակար: Աղիքային վարակներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է՝ - օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո, - մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, - խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ, խուսափել վարակիչ, մասնավորապես՝ աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից, - լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ, լողալիս հնարավորության սահմաններում բացառել ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում, - արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար, - լող չկազմակերպել նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում, - պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից, - չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, - ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, - ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր, առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն), - սնունդը լավ եփել կամ տապակել առնվազն 70C0 պայմաններում, - պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ:

Նմանատիպ նյութեր