211652_close_icon
views-count44803 դիտում article-date 01:17 27-07-2018

Հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքներ են, իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը. Ռ. Քոչարյանը՝ «Մարտի 1-ի» գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին

Ըստ էության, Հատուկ քննչական ծառայությունից «Մարտի 1-ի» գործով ինձ հարցաքննության էին կանչել մեղադրյալի կարգավիճակով: Այս մասին «[color=#EF2929]Երկիր մեդիա[/color]»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՔԾ-ում այսօր տեղի ունեցած հարցաքննության մասին: «Կանչել են ինձ վկայի կարգավիճակով, բայց հենց քննիչի առաջին նախադասությունը հետևյալն էր՝ կարգավիճակը փոխում են և իմ նկատմամբ մեղադրանք են առաջադրում։ Ըստ էության, հարցաքննությունը եղել է մեղադրյալի կարգավիճակով»,- ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ ինքը մեղադրվում է այն նույն հոդվածով, որով մեղադրվում է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը և ես ինքս ինձ տապալել եմ տարօրինակ ձևով, որին մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը: Թե սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել… Մարդ հիվանդ երևակայություն պետք է ունենա, թե ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»,- նշեց երկրորդ նախագահը: Նախկին նախագահն ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ էր հայտարարում, որ ընտրվել է նախագահ: «Հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող, իրականության մեջ գոյություն չունեցող մեղադրանքներ են: Չի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումը, 2008թ.-ի ընտրությունների արդյունքները, լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008թ.-ի ընտրություններին: Սա իրականությունից շատ հեռու է, սա քաղաքական հետապնդում է, վենդետա՝ թավշյա հեղափոխության, սիրո ու համերաշխության… Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այդպիսի շինծու քրեական գործ ստեղծել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահը իրավիճակը գնահատեց հետևյալ կերպ. «Կուստուրիցան երևի կերազեր՝ այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերը նկարելիս»: Քոչարյանն ասաց, որ պետականության տակ ռումբ է դրված, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումն արհամարհվել է. «Սա ռումբ է, որը հաստատ պայթելու է, իրավական համակարգը մեծ վտանգի տակ է»: Քոչարյանն ասաց, որ նոր իշխանությունները հավերժ չեն, նորերը կգան, կվերանայեն և «Մարտի 1-ի» գործը անեծք կլինի, եթե այս ձևով բացահայտեն, որովհետև մեղավորներին արդեն նշանակել են ու փորձում են ապահովել մեղադրանքը: «Բանակն է մեղադրվում. պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է, էլ անելիք չունե՞նք, բանակի պախարակումը ինչի՞ համար է: Եթե բանակն է արել, և ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, իրականացրել եմ բանակի միջոցով, մեր ամբողջ բանակն է մասնակից դառնում»,- նշեց նա: Դիտարկմանը, թե հղում են կատարում հայտնի 0035 հրամանին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ասում են, որ այդ հրամանի միջոցով իբրև մտցվել է ռազմական դրություն. «Ասում են, թե հանդիպում եմ ունեցել զինվորական վերնախավի հետ, և այդ հանդիպման իմաստն այն էր, որ բանակն իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ: Մանվելը, լինելով գործող գեներալ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էր, Երկրապահը պիտի՞ միանա ցուցարարներին, թե չէ, և ես պահանջել եմ պաշտպանության նախարարից միջոցներ ձեռնարկել, որ բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահվի: Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացնում: Նախագահը չունի լիազորություններ ավելի լայն, քան այն, ինչ Սահմանադրությամբ է ամրագրված: Եվ այդ հրամանը նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ»: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ երկու օր հետո պաշտպանության նախարարն իրեն ասել է, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել այն նպատակով, որ հեռու պահեն բանակը քաղաքական ազդեցությունից: «Ընդդիմությունը բոլոր միջոցները կիրառում էր Երկրապահի միջոցով, որ սպայական կազմը ներքաշվի, և ինքն ասաց, որ որոշել են այդպես անել՝ բանակը հեռու պահելու համար: Չպետք է մոռանաք, որ այդ ժամանակ մենք տագնապալի լուրեր էինք ստանում շփման գծից: Եթե հիշում եք, մարտի 4-ին խոշոր ընդհարում եղավ: Հակառակորդը միշտ օգտվում է մյուս կողմի ներքաղաքական ծանր վիճակից: Երբ խնդիրներ են եղել Ադրբեջանում՝ մեկ նախագահ, մյուս նախագահ, հազարավոր մարդկանց միտինգներ, մենք այդ վիճակից օգտվել ենք, և Ադրբեջանը փորձել է օգտվել, մենք այդ տեղեկությունը ստանում էինք: Նախարարը երկու խնդիր էր լուծում ՝ մարտունակություն ապահովել այս վիճակում և քաղաքականությունից հեռու պահել սպայական կազմը»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր