211652_close_icon
views-count5848 դիտում article-date 18:44 27-07-2018

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է tass.ru-ն: «Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի տիրապետում»,- նշել է Վլադիմիր Զայնետդինովը: ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը։

Նմանատիպ նյութեր