Հնդիկ մարզուհին ինքնաթիռի սանհանգույցում ծննդաբերել է և նորածնին շպրտել
Մալայզիական Air Asia ավիաընկերության անձնակազմը ինքնաթիռում մեռած նորածին երեխա է հայտնաբերել, երբ արդեն պատրաստվում էր վայրէջք կատարել Դելիում: Ինքնաթիռը ներքին չվերթ էր կատարում Գուվահատիից:
Օդանավակայանի ոստիկանությունը ստիպված է եղել հարցաքննել այդ չվերթի բոլոր կին ուղևորներին: Արդյունքում 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ ինքն է թռիչքի ժամանակ ծննդաբերել: Ընդ որում, նա ոստիկանությանը հայտնել է, թե տեղյակ չի եղել իր հղիության մասին:
«Նա ինքնաթիռի զուգարանում ծննդաբերել է 7,5 ամսեկան երեխայի և նրան թողել հատակին», հայտնել է օդանավակայանի ոստիկաններից մեկը:
Սկսվել է հետաքննությունը, որը պետք է պարզի, թե հատկապես ինչպես է մահացել երեխան: Դրանից է կախված, թե ինչ մեղադրանք կներկայացնեն մորը: Հայտնի է, որ վերջինս սպորտսմեն է, զբաղվում է թաէքվոնդոյով: