Իրանում ձերբակալվել է կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալը
Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ահմեդ Արաքչիին: Այդ մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Գուլամ Մոհսենի Էջեին, հաղորդում է [url=https://www.rferl.org/a/iran-central-bank-deputy-chief-detained/29413833.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Նրա խոսքերով՝ Արաքչիից բացի կալանավորվել է ևս վեց մարդ: Նշվում է, որ ձերբակալվածներին կառաջադրվեն կոռուպցիայի համար մեղադրանքներ:
Ահմեդ Արաքչին, ով պատասխանատու էր արտարժույթի փոխանակումների համար, հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից նախօրեին կոռուպցիայի համար ներգրավվածության մեղադրանքների առնչությամբ:
Նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմն ավելի վաղ փոխարինել է Կենտրոնական բանկի ղեկավարին և այլ միջոցներ է ձեռնարկել ազգային արժույթը կայունացնելու ջանքերի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Իրանի տարբեր քաղաքներում մի քանի օր շարունակ հակակառավարական ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են երկրի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման, գնաճի, խորացող տնտեսական ճգնաժամի դեմ։