53413 դիտում
16:46 10-08-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 53–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MT 346 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել բետոնները և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ մասամբ փակելով ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու նույն վաշտի տեսուչ Կարեն Կարապետյանը: Վերջինս այնուհետև հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բետոնե արգելապատնեշները չլինեին, ապա մեքենան կգահավիժեր անդունդը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+