39384 դիտում
13:55 11-08-2018
Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Ջերմուկ Գրուպ» ընկերության 27–ամյա աշխատակիցը բեռնատար Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Բենիկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi Canter մակնիշի 079 ԼՕ 05 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 2 և 4 շենքերի արանքում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, ով կլիներ մոտ 65-70 տարեկան տղամարդ՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-ր դասակի ավագ տեսուչ Սարգիս Լալայանն ու տեսուչ Արմեն Աղաբեկյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+