94526 դիտում
22:15 11-08-2018
Արտակարգ ու առեղծվածային դեպք Երևանում. ոստիկանները իր տան մուտքի մոտ հայտնաբերել են դանակի մի քանի հարված ստացած տանտիրուհուն. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 36/ե շենքի բնակարաններից մեկի մուտքի դիմաց վիրավոր կին է ընկած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Ժամանում է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ոստիկանները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը վիրավոր կնոջը, ով մարմնի տարբեր մասերին ստացել է 5-ից ավելի դանակի հարվածներ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արդեն «Էրեբունիում» բժիշկները կարողանում են կնոջը անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, ով այս պահին էլ գտնվում է ծանր, կայուն վիճակում:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակչուհի, 73-ամյա Էլիոնորա Հայրյանն է:
Այս պահին հիվանդանոցում և դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրւջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի, այդ թվում՝ ավազակային հարձակման, կողոպուտի, սպանության փորձի, առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու ուղղությամբ:
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: