198494 դիտում
19:21 08-11-2019
Արտակարգ դեպք Երևանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա «կլիենտին». բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են «բախտագուշակին»
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կողմնային շրջանի և աջ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր՝ կույր աղու, բարակ աղու միջընդերքի և աջ երիկամի վնասումով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ վիրավորը ծայրահեղ վիճակից դուրս է եկել, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Անահիտ Մաթևոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել է քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Ա. Մաթևոսյանի տուն և տան մեջ բարձրաձայն խոսակցություն է տարել, որ Ա. Մաթևոսյանը «պետք է իր բախտը նայի», սակայն Ա. Մաթոևսյանը, ով հարևանների շրջապատում համարվում է «բախտագուշակ», դիտողություն է արել Հ. Խաչատրյանին, ինչը դուր չի եկել վերջինիս, և նա հայհոյանքներ է հնչեցրել Ա. Մաթևոսյանի հասցեին, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։
Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ Ա. Մաթևոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշական և դատահետքաբանական։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: