211652_close_icon
views-count4097 դիտում article-date 17:40 22-08-2018

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը: «Ինժեներական քաղաք»-ն ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը. հողհատկացումն իրականացվելու է առաջիկայում: «Ինժեներական քաղաք»-ի տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Վարչապետը շրջայց է կատարել նաև նշված թանգարաններում՝ ծանոթացել այնտեղ ներկայացված ցուցանմուշներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Ինժեներական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է մեր երկրի տնտեսության շարժիչներից մեկը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության, ՏՏ ոլորտի և փորձարարական ճյուղի զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր