211652_close_icon
views-count20411 դիտում article-date 20:33 24-08-2018

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկա է գտնվել քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 30 տարեկան: Նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր Արցախում: Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006 թվականից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետև ծառայության է մեկնել Մարտակերտ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը հարձակվել է արցախա-ադրբեջանական սահմանին, նա եղել է տանը: Հարձակման լուրն իմանալուն պես նա, մենակ թողնելով կնոջն ու զավակներին, օգնության է շտապել իր 25 զինվորին: Գնդակների տարափին իր զինվորներին թողնելով խրամատներում` անձամբ նետվել է մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը, 30 մետր վազելով, առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին, իսկ իր զինվորներին հրամայել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Մերօրյա հերոսի ծննդավայրում մեծ ցավ են ապրում համագյուղացու մահվան համար, միևնույն ժամանակ հպարտանում, որ ճանաչել են նրան: Եվ այսօր, ի նշան մեծագույն հարգանքի և հավերժ հիշատակի, Ապագայի միջնակարգ դպրոցում նշվեց քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: Նրա հավերժ հիշատակը խորհրդանշող միջոցառմանը ընտանիքի անդամների, հարազատների, համայնքի ղեկավարի, բնակիչների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա էր նաև մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետն իր շնորհավորանքի խոսքն է հղել կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրվա առթիվ` մասնավորապես նշելով. «Ցավոք, մենք այսօր Հովսեփի ֆիզիկական ներկայությամբ չենք կարող շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Սակայն նա և իր մարտական ընկերներն իրենց սխրանքով հավերժացան մեր պատմության մեջ` կրկին անգամ ապացուցելով, որ հայի ոգին անկոտրում է, հայի բազուկը` հզոր: Մենք հպարտ ենք մեր հերոսներով և քանի դեռ ապրում ենք, պարտավոր ենք նրանց հիշատակը վառ պահել մեր սրտերում, հոգիներում: Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին»: Մերօրյա հերոսի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն ամփոփվել է նրա անունը կրող պուրակում կանգնեցված հուշարձանին ծաղիկներ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Հավելենք, որ մարզպետ Գագիկ Միրիջանյանի առաջարկությամբ նոր ուսումնական տարում Ապագայի միջնակարգ դպրոցը կանվանակոչվի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Գեղամի Կիրակոսյանի անվամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր