211652_close_icon
views-count4764 դիտում article-date 20:49 23-08-2020

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կդառնար 32 տարեկան

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան` Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան 32-րդ տարեդարձն է : ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքում տեղի ունեցավ միջոցառում և ծաղիկներ խոնարհեցին Հերոսին նվիրված խաչքար հուշարձանին։ Շնորհավոր ծնունդդ Հերոս, քո սխրանքն անմահ է: Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի։ Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղում: Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր, նաև երկու անչափահաս որդի: Իր պապերն Արևմտյան Հայաստանի Սասուն քաղաքից էին: Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի Զինված Ուժերում ծառայում էր 2006 թ.-ից, Էջմիածնի ԶԿ: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական: Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով։ Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 թ-ից 2010 թվականներին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ։ [b]Քառօրյա պատերազմ[/b] 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ: Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից: Հովսեփին արթնացրել է, ու պարզվեց` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին: «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց...»: Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել: «Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է...»: Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Հովսեփ Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 4-ին, Ապագա գյուղի մշակույթի տանը, հուղարկավորությունը՝ ապրիլի 5-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր