211652_close_icon
views-count3142 դիտում article-date 09:41 31-08-2018

Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը․ «Ամերիկայի ձայն»

Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: Հենց այս տանն է Սարոյանն անցկացրել կյանքի վերջին 17 տարիները, այստեղ է գրել աշխարհահռչակ ստեղծագործություններից մի քանիսը: Վերջին նախապատրաստություններն ավարտվում են, թանգարանը պատրաստ կլինի հյուրեր ընդունել արդեն աշնանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4551382.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Սարոյան house նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանի խոսքով, տուն-թանգարանի հիմնական նպատակն է ապահովել Սարոյանի և նրա ժառանգության վերածնունդը: Տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել էր Ռենեսանս հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի մոտ, ով 2015-ին տեղեկանալով, որ Սարոյանի տունը վաճառքի է հանվում, որոշում է գնել այն և մշակութային կենտրոն ստեղծել: Սակայն, անհրաժեշտ էր գտնել Սարոյանի հսկայական կերպարը բացահայտելու լավագույն միջոցը, նշում է Ավագ Սիմոնյանը. «Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի թանգարան, որը կլինի նորարարական, իննովացիոն և հիմնականում թվայնացված ցուցանմուշներով, որպեսզի հնարավորինս շատ պատմենք Սարոյանի մասին»: Թանգարանում գործելու է թվայնացված արխիվ, իսկ Սարոյանի ցանկության համաձայն, տուն-թանգարանը նաև կծառայի որպես ուսանողների հետազոտությունների կենտրոն: Շարունակվում են նաև Սարոյանի թվային հոլոգրամայի ստեղծման աշխատանքները, որին հնարավոր կլինի հարցեր ուղղել: Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների տնօրեն Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, Սարոյանի տուն-թանգարանի բացումը մեծ նշանակություն կունենա ոչ միայն ամբողջ հայության այլև՝ Ֆրեզնոյի համար. «Պետք է վերականգնվի Վիլյամ Սարոյանի գրական արժեքը և ժառանգությունը, որպեսզի նոր սերունդներ սովորեն իր մասին, իր գործերի մասին»: Սարոյանի տան արտաքին տեսքը չի փոխվել. Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես եղել է գրողի այստեղ բնակվելու տարիներին: Նույն իր սիրելի ծառերը, որոնց ստվերում Սարոյանը գրում էր իր անկրկնելի տողերը։

Նմանատիպ նյութեր