211652_close_icon
views-count2024 դիտում article-date 15:57 04-09-2018

Երևանում սեպտեմբերի 8-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Հայաստանում սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի հետ կապված Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր, վարչական շրջանների ղեկավարները, համապատասխան կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը նշել է, որ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում անհրաժեշտ է ընդգրկել հնարավորին շատ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ: «Պետք է գործի դնել մեր ենթակայության տակ գտնվող բոլոր տեխնիկական միջոցները, իսկ շաբաթօրյակի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ բոլոր պարագաներով: Շաբաթօրյակի շրջանակում մենք խնդիր ունենք պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի բոլոր հատվածները, այդ թվում վարչական շրջանների բակերը, այգիները, պուրակները, ընդհանուր օգտագործման այլ տարածաքները, պողոտաները, փողոցները, հրապարակները, դպրոցները, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող կառույցների հարակից տարածքները»: Խորհրդակցության շրջանակում Կամո Արեյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել այն տարածքներին, որոնք նախատեսված չեն աղբ թափելու համար, սակայն որոշ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով վերածվել են խրոնիկ աղբավայրերի: Նշենք նաև, համաքաղաքային շաբաթօրյակին կմիանան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, կամավորական կազմակերպություններ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ: Դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ:

Նմանատիպ նյութեր