2541 դիտում
13:13 05-09-2018
Առերևույթ չարաշահումներ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի աշխատանքներում. պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել. հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:
Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:
Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:
Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:
Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս:
Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերևույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին