3922 դիտում
16:22 12-09-2018
Պաշտպանը վերջին ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծության ենթարկելու վերաբերյալ կհրապարակի արտահերթ զեկույց
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ:
Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղը:
Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ պահին խաղում են երեխաներ: Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների և հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այս տեղեկությունը հաստատել են ինչպես գյուղի վարչակազմը, այնպես էլ բնակիչները:
Պաշտպանը նաև անմիջականորեն ստացել է տեղեկություն այն մասին, որ գնդակոծություններն արվել են նաև գյուղի դպրոցի ուղղությամբ:
ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել սեպտեմբերի 2-ից սկսած։ Այս մասին ահազանգեր են ստացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել կրակահերթեր Կոթի գյուղի ուղղությամբ:
Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 11-ին կրակոցներ են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գնդակոծությունները տեղի են ունեցել քաղաքացիական տների ուղղությամբ՝ անմիջականորեն վտանգելով խաղաղ բնակչության կյանքի և առողջության իրավունքը: Դրանց արդյունքում խաթարվել է նաև Ոսկեպար - Բաղանիս միջպետական ավտոճանապարհով բնականոն երթևեկությունը՝ դարձնելով այն որոշակի ժամանակով անհնար:
Դրանից բացի, սեպտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել է նաև Ոսկեվան գյուղը: Այս անգամ, բնակիչների պնդմամբ, վնասվել են տների տանիքներ, պատեր, ինչպես նաև բնակիչների տներում առկա կենցաղային իրեր:
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայում ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ:
Այդ աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
14:53 16-11-2018
ՄԻՊ-ը սեպտեմբերին Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց է կազմել
4668 դիտում
13:21 15-09-2018
Պաշտպանը Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին հատուկ զեկույց կուղարկի միջազգային կառույցներին
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»