211652_close_icon
views-count5702 դիտում article-date 15:37 27-09-2018

Մարզերում կլուծվեն առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում գումար կհատկացվի Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին: Մասնավորապես՝ ՀՀ Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, որի արդյունքում համայնքի բոլոր 50 տնտեսությունները կունենան անխափան ջրամատակարարում: ՀՀ Լոռու մարզում հրատապության կարգով ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը, ՀՀ Տավուշի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Իծաքար համայնքին գյուղտեխնիկայի տրամադրման անհրաժեշտությունը և այլն: Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին: Այս մարզերում էլ տարբեր ոլորտներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ կառավարությունն առաջնահերթությունը տալիս է ենթակառուցվածքների զարգացմանը և այնպիսի ծրագրերի, որոնք ի վերջո հանգեցնելու են համայքնի զարգացմանը: Գործադիրը որոշել է նաև ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:

Նմանատիպ նյութեր