211652_close_icon
views-count4767 դիտում article-date 19:48 30-09-2018

Արտակ Զեյնալյան. Արդարադատության նախարարությունն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կայացել է այսօր: «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Արդարադատության նախարարությունն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի՝ էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքի ներդրման և գործարկման համար: Այս հարթակի օգնությամբ մեր քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ: Թեև առաջին անգամ էի նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իմ մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից երկու անգամ արժանացել եմ «Ոսկե բանալու»՝ որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավաբան: Պատահական չէ, որ տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասակարության ցուցիչ: Տեղեկատվության ազատության այս արժևորումն ի թիվս այլնի կապված է նրա հետ, որ տեղեկատվության ազատությունը նախապայման է՝ նախապայման, որ մարդիկ ունենան հնարավորություն ստանալու տեղեկություններ իրենց իրավունքներն իրականացնելու համար և տեղեկություններ իրենց իրավունքները վերականգնելու համար, տեղեկություններ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար, աշխատելու և իրենց համար բարիք ստեղծելու համար, նաև՝ տեղեկություններ իրենց անունից և իրենց համար գործող իշխանությանը, պաշտոնյային վերահսկելու համար և տեղեկություն՝ ստիպելու համար, որ այդ նույն իշխանությունները և պաշտոնյաներն իրենց հանդեպ արդար լինեն: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք: Հետևաբար, չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, զարգացմանն ու պաշտպանությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ: Տեղեկատվություն ստանալու իրավունքի առումով ուղղակի անհնար է չանդրադառնալ մեր երկրում քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերին՝ որոնց շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից և կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատություն: Շնորհակալ եմ բոլորին, մասնավորապես ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքը կիրառելու, պաշտպանելու և զարգացնելու համար», եզրափակել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր