211652_close_icon
views-count1781 դիտում article-date 15:17 26-10-2018

Վարչապետի ընտրության 2-րդ փուլի ժամանակ ՀՀԿ–ը թեկնածու չի առաջադրելու. Վ. Բաղդասարյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց ՀՀԿ դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ ասելով, որ կուսակցությունը դեմ է երկուսին էլ, սակայն վարչապետի՝ երկրորդ փուլով ընտրության ժամանակ թեկնածու ՀՀԿ–ն չի առաջադրի։ «Բայց դա արդեն իսկ կայացած փաստ է, և մենք մեր մոտեցումների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը։ Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ առաջիկա օրերին ՀՀԿ–ն համաժողով կանցկացնի և ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարություն կանի։ Ըստ նրա՝ ՀՀԿ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը իրնեք չեն քննարկել։ Խմբակցության ղեկավարը չհստակեցրեց, թե հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը. «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին»։ Ըստ նրա՝ միանշանակ ցուցակը լինելու է քաղաքական։ «Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ, միայն այդքանը կարող եմ ասել, մեր ցուցակը պետք է լինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,-ասաց նա և հավելեց, որ ՀՀԿ-ի նպատակն է խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորելը։ Պատասխանելով հարցին, թե տեղյակ է արդյոք՝ ՀՀԿ-ի՞ց է այն պատգամավորը, ով առաջիկայում խոշոր կաշառքի գործով պետք է կալանավորվի, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ եթե վարչապետը նման հայտարարություն է անում, ուրեմն նա պետք է բոլոր անունները տար։ «Ինձ թվում է՝ դա նախաքննական գաղտնիք է, և որևէ մեկն իրավունք չուներ նման հայտարարություն անելու, քանի որ նախաքննության պրոցես է գնում»,- ասաց նա։ Հարցին՝ բացառո՞ւմ է, որ վերոնշյալ պատգամավորը ՀՀԿ-ից լինի, Բաղդասարյանն արձագանքեց․ «Ես չեմ կարող եզրակացություններ անել և որևէ անուններ տալ։ Առաջին անգամ էի լսում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը։ Մենք «կրոսվորդ» չենք լուծում, հանելուկներով չենք զբաղվում, որ դնենք քննարկենք, թե ով կարող լինել, ով՝ չէ։ Մարդկանց ճակատագրերի հետ կապված ես նման ենթադրություններ չեմ անում»։ Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ «Լույս» դաշինքը կլինի գրպանային ընդդիմություն, արդյոք ՀՀԿ-ն ունեցե՞լ է գրպանային ընդդիմություն, Բաղդասարյանը պատասխանեց. «Կարող է՝ իրենք ենք ձգտել, որ դառնան նման ընդդիմություն, բայց ընդունվել են, թե ոչ, այդ մասին չեմ կարող բարձրաձայնել»։

Նմանատիպ նյութեր