211652_close_icon
views-count1830 դիտում article-date 17:00 27-10-2018

Փաշինյանը չի բացառել ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլում ևս կառաջադրի իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում. «Նոյեմբերի 1-ին կունենանք ազատ արձակված խորհրդարան, բայց թե ինչ սցենարով կտեսնեք: Տնետասական ներկա իրավիճակին և զարգացման ռազմավարությանն անդրադառնալու նկատառումով, ինչպես նաև քաղաքական այլ նկատառումներով չեմ բացառում, որ կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ քննարկման ժամանակ չի հասցրել ասել այն ամենը, ինչ որ կցանկանար՝ մասնավորապես տնտեսության մասին: Խորհրդարանն արձակելու ճանապարհին հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նմանատիպ նյութեր