4508 դիտում
19:38 29-10-2018
Ռուբեն Ասատրյան. «Խաչատրյանի փառատոնի հագեցած ծրագիր բացահայտում է խաչատրյանական ամբողջ աշխարհը»
Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը կատարեցին Խաչատրյանի՝ ավելի քան կես դար հայկական համերգասրահներում երբևէ չկատարված Կոնցերտ-ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Նշենք, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի նպատակներից է հանրությանը ներկայացնել Խաչատրյանի ոչ միայն հանրահայտ գործերը, այլև այն ստեղծագործությունները, որոնք այնքան էլ հաճախ չեն հնչում։
Ռուբեն Ասատրյանը նշում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Խաչատրյանի երաժշտությունն անընդհատ հնչի. մաեստրո Ասատրյանը բազմիցս հնչեցրել է նրա ստեղծագործությունների մեծ մասը և՜ Հայաստանում, և՜ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ։
Դիրիժորը նկատում է, որ Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, բավականին դժվարին ստեղծագործություն է։ «Հայաստանում այս գործի ընդամենը մեկ կատարում է եղել։ Ես դեռ պատանի էի, որքան հիշում եմ՝ ռուս դաշնակահար է այն ներկայացրել։ Դրանից հետո Խաչատրյանի այս Կոնցերտ-ռապսոդիան անարդարացիորեն անուշադրության է մատնվել և այլևս չի ներկայացվել։ Սա շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ տեխնիկապես բարդ ստեղծագործություն է ինչպես մենակատարի համար, այնպես էլ՝ դիրիժորի, որը պետք է պատրաստ լինի այս ամբողջ համակարգը ճիշտ ղեկավարելու։
Այստեղ երաժշտական փիլիսոփայություն կա, որը հասկանալը բավականին հասունություն է պահանջում»,- ասաց Ռուբեն Ասատրյանը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրին» կատակերգության համար գրված սյուիտը։ Վեց մասից բաղկացած այս բազմազան ստեղծագործությունը նույնպես հազվադեպ է կատարվում։ Ըստ Ռուբեն Ասատրյանի՝ այն վերջին անգամ կատարվել է մոտ 15 տարի առաջ իր ղեկավարությամբ։ Ունկնդիրն այս սյուիտի միջոցով հնարավորություն ստացավ տեսնելու, թե ինչպես է Խաչատրյանը կարողացել ներթափանցել իսպանական միջավայր։
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև հատվածներ «Սպարտակ» բալետից։
Դիրիժոր Ասատրյանը նկատում է, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնն ունի հագեցած ծրագիր, որը երաժշտասերների համար բացահայտում է խաչատրյանական ամբողջ աշխարհը։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ մաեստրո Ասատրյանն ասաց, որ բազմիցս է ղեկավարել սիմֆոնիկ նվագախմբի համերգները, ձայնագրությունները. «Ես ինքս մեծ բավականություն եմ ստանում այս նվագախմբի հետ համագործակցելիս։ Այսօր արդեն բարձր պրոֆեսիոնալիզմի հասած երաժիշտներին ես հիշում եմ դեռևս ուսանողական շրջանից, հետևել եմ նրանց առաջընթացին, և ինձ հաճելի է նրանց հետ աշխատելը»։
[b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
11:08 13-10-2014
Խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրված է մեր մեծերին
1614 դիտում
15:05 15-10-2015
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնչեց Սվիրիդովի երաժշտությունը
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր