211652_close_icon
views-count2049 դիտում article-date 20:32 29-10-2018

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. մտքեր են փոխանակվել սեպտեմբերին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Կողմերն ուղենշել են հետագա հնարավոր քայլերը:

Նմանատիպ նյութեր