28828 դիտում
19:05 31-10-2018
Խայտառակ իրավախախտում «Գառնի»-ում, երբ կհանգուցալուծվի խնդիրը. Մի պղծեք հուշարձանը, մի կործանեք մշակույթը..
Գաղտնիք չէ, որ մեր մշակույթով հիանալու հարմար առիթը երբեք բաց չենք թողնում` հաճախ մոռանալով, որ չի կարելի ապականել , պղծել այդ մշակույթը հանուն նույն մշակույթի պահպանության: [color=#CC0000]Shamshyan.com[/color]-ը ամիսներ առաջ անդրադարձել էր հուշարձանների ոլորտին: Մեր ընթերցողներին խոստացել էինք հաջորդիվ անդրադառնալ նաև «Գառնի» արգելոց-թանգարանին:
Գառնու տաճար այցելած յուրաքանչյուր մարդ կհասկանա ասածս: Արգելոց-թանգարանի ներսում գտնվող խանութ-կրպակը իսկական տոնավաճառի է նման: Զովացուցիչ ըմպելիքների ու պաղպաղակների սառնարաններն անճաշակ «զարդարում» են ոչ պակաս անճաշակ կրպակի մուտքը: Ներսում` hուլունք, մարջան-ապարանջան, հուշանվերներ ու մուրաբաներ են վաճառում ու ոնց որ ժողովուրդը կասեր` «աէրոպորտի գներով»:
Պատկերացրեք Գառնիից հուշանվեր տանելու ցանկությամբ «սխալմամբ» այդտեղ հայտնված տուրիստը ոնց կխճճվի` մուրա՞բան տանի որպես սուվենիր, թե՞ ` բիժուն:
Կրպակի տերը ոմն տիկին Գոհարն է` Գառնի արգելոցի նախկին վարիչի կինը: Կրպակ-խանութը պետական սեփականություն հանդիսացող հուշարձանի տարածքում նա աշխատացնում է շուրջ 10 տարի: Այսինքն 10 տարի մշակնախը, հուշարձանների պահպանությամբ զբաղվող ծառայությունը /Գառնին այդ կառույցի մասնաճյուղն է/ կամ չի տեսել այս անճաշակությունը կամ աչք է փակել: Կրպակի տերն էլ տեղի վարձակալության համար շատ սիմվոլիկ գումար /ամսեկան ընդամենը 55. 000 ՀՀ դրամ/ է վճարել, պետական հոսանքն անխնա ծախսել ու իր բիզնեսն է զարգացրել: Թե որքան է կազմում պետությանը հասցված վնասը` ցանկության դեպքում կարող են պարզել պատկան մարմինները /տվյալ դեպքում Աբովյանի Էլ. ցանցը/, որը տևական ժամանակ է անարձագանք է թողել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի դիմումը: Որոշ պատասխանատու չինովնիկներ էլ կամ չեն նկատել կամ չեն ցանկացել նկատել, որ պետականը սեփականի հետ է խառնվել: Կարևորը` եկամուտն է:
Եկամտի մասով` չար լեզուներն ասում են, որ այդ խանութ-կրպակի եկամուտներն աստղաբաշխական թվերն են կազմում: Պարզ հաշվարկով էլ կարելի է հասկանալ` հաշվելով վաճառվող հուշանվերների շուկայականից մի քանի անգամ բարձր գները:
Հարց` ինչո՞ւ է կրպակի վարձավճարը սահմանվել այդքան ցածր: Արդյո՞ք հուշարձանների պահպանությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի նախկին տնօրենությունը շահագրգռվածություն է ունեցել, որ աչք է փակել այդ փաստի վրա:
Չար լեզուներն ասում են նաև, որ նախկինում այստեղ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, որոնք պայմանագրերով չեն ֆիքսվել: Կրկին հարց` թաքցրել են նախկին ղեկավարությունից, թե՞ արել են նրանց գիտությամբ, բայց չեն արմրագրել փաստաթղթերով:
Հետաքրքիրն այն է, որ բիզնես գործունեությունը ծավալվում է արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ մի քանի հերթափոխով աշխատող նույն արգելոցի աշխատակիցներն աշխատանքային տարրական պայմաններ չունեն: Նրանք պատսպարվում են ծառի ստվերում կամ հովանոցի տակ:
Գառնիի մեր աղբյուրների փոխանցմամբ հուշարձանների պահպանությունը իրականացնող կազմակերպության նոր ղեկավարության գալուց հետո այս կրպակի գլխին մութ ամպեր են կուտակվել: Սկզբից բիզնես իրականացնող «Ա/Ձ Գոհար Նորիկի Բարսեղյանին»-ին շատ քաղաքավարի հասկացրել են, որ նախկին տնօրենի հետ ունեցած մութ ու անհասկանալի պայմանավորվածությունը այլևս չի կարող գործել: Տարեսկզբին էլ գրավոր ծանուցել են, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն չի երկարացվելու: Հունվարից պայմանագրի ժամկետը լրացել է և ոչ մի իրավական հիմք առկա չէ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:
Սկզբում կրպակի տերը, հետո նաև` ՊՈԱԿ-ը իրար դեմ հայցերով դատարան են մտել: Ընդամենը մի ամիս առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ տրված կատարողական թերթի հիման վրա արգելվել է Ա/Ձ Գոհար Բարսեղյանին օգտագործել «Գառնի» արգելոց-թանգարանի սպասարկման սրահի տարածքը: Թեև դա անհապաղ կատարման ենթակա որոշում է եղել, սակայն հարկադիր կատարման
ծառայությունը անհասկանալի պատճառով կամ միտումնավոր ոչինչ չի ձեռնարկել բավականին երկար ժամանակ, որի արդյունքում գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն: ԴԱՀԿ պաշտոնյաները մոռացել էին կամ լավ չէին գիտակցում իրենց անմիջական գործառույթների կատարման պարտավորությունը` հավանաբար գեղամիջում վատամարդ չլինելու ու «ավտարիտետը» չկորցնելու համար: Հարկադիրը ի վերջո տեղից շարժվեց, երբ գործը հասավ ՀՔԾ կողմից իրականացվող կոնկրետ գործողություններին:
Կրպակը օրենքով կապարանքնվեց ու փակվեց կարճ ժամանակով: Մի քանի օր հետո առանց համապատասխան մարմինների թույլտվության և հիմքի այն նորից բացվեց: Միջամտեցին իրավապահները: Օրենքով սահմանված կարգով ու ՊՈԱԿ-ի` ոստիկանություն ներկայացրած դիմումի հիման վրա, այն կրկին փակվեց:
Ի դեպ, «Գոհար Նորիկի Բարսեղյան» Ա/Ձ-ի փոխարեն բացվել է նոր ԱՁ` ընտանիքի այլ անդամի` «Արամ Բաբայան»-ի անունով: Ասել է թե Գ. Բարսեղյանի ամուսինը, որը «Գառնի» արգելոց-թանգարանի նախկին վարիչն է:
Երևի այս անլուծելի թվացող հարցն այսքան երկար չէր ձգվի, եթե դատական հակամարգը ավելի լուրջ վերաբերվեր հարցին: Արդարադատությունը իրականացնող մարմինը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, շուրջ 10 ամիս ձգվող դատաքննության ընթացքում հորդորել է հաշտություն կնքել` լրացուցիչ ժամկետ տալով «ԱՁ Գոհար Նորիկի Բարսեղյանին»:
Ինչ է ստացվում` դատարանը փոխարեն վերջանական լուծում տա խնդրին, որի պատճառով խոշոր չափերի վնաս է հասցվում պետությանը, մի բան էլ հորդորում է երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Գուցե արժե խորհել նաև դատական համակարգի կողմնակալ վերաբերմունքի ու պետության հանդեպ ցուցաբերած անտարբերության մասին: Ի դեպ, արդարադատությունն իրականացնող մարմնի «արդար» լինելը պարզ կլինի նոյեմբերի 9-ին` վճռի հրապարակման օրը:
Տվյալ դեպքում կարևոր չէ թե ինչո՞ւ է «կենաց-մահու» կռիվ տալիս հուշանվերներ կոչված խանութ-կրպակի տերը, թե իրականում ինչքան
է կազմում օրվա եկամուտը, որից հրաժարվելն այդքան դժվար է: Կարևորը գիտակցելն է, որ անթույլատրելի է հուշարձանների տարածքներում «տոնավաճառների», խանութ-կրպակների ու հուշարձանի դիմագիծն աղճատող բիզնես «կենտրոնների» գործունեությունը:
Մի պղծեք հուշարձանը, մի կործանեք մշակույթը..
[b]Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան[/b]
Նմանատիպ նյութեր
3812 դիտում
20:24 04-05-2020
Կհանգուցալուծվի Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի մեկ տասնյակ ընտանիքների բնակարանային խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2195 դիտում
19:36 07-08-2021
Մի՛ պղծեք այս սրբազան հողում թաղված ձեր պապերի հիշատակը. Իրանագետ