1529 դիտում
14:15 07-11-2018
Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:
«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», - ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:
«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով»:
Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հատուկ զեկուցողի մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝ Երևան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսի մուտքն ազատ կլինի միայն լրագրողների համար:
Հատուկ զեկուցողը իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :
Կլեման Նյալեցոսի Վուլեն Տոգոյից է, 2018 թ. մարտին նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող` խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով: Նա իրավաբան է և ներկայումս աշխատում է Ժնևում` մարդու իրավունքների ոլորտում: Նա Ժնևի մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ակադեմիայի ասոցացված գիտաշխատող է: Նախքան այս նշանակումը նա ղեկավարել է Մարդու իրավունքների միջազգային ծառայության (ISHR) աշխատանքը: Պրն. Վուլեն նաև աշխատել է որպես Տոգոյում մարդու իրավունքների պաշտպանների կոալիցիայի գլխավոր քարտուղար, որպես Տոգոյում միջազգային քրեական դատարանի կոալիցիայի քարոզչության հարցերի պատասխանատու և Ամնեսթի ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպության Տոգոյի բաժանմունքի գլխավոր քարտուղար: 2011 թ. ի վեր պրն. Վուլեն եղել է Մարդու և ժողովուրդների իրավունքների առնչությամբ հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Աֆրիկյան հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետ անդամ:
Հատուկ զեկուցողները մասն են կազմում Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների խոշորագույն մարմինը, խորհրդի անկախ փաստահավաքման և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը զբաղվում է կա՛մ կոնկրետ երկրների իրադրություններով, կա՛մ էլ աշխարհի բոլոր մասերին վերաբերվող թեմատիկ հարցերով: Հատուկ ընթացակարգերի փորձագետները աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և չեն վճարվում իրենց աշխատանքի համար: Նրանք կախված չեն որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց անհատական կարողությունների հիման վրա:
Նմանատիպ նյութեր
3325 դիտում
11:03 17-11-2018
Ազատ ընտրությունը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն․ Կլեման Նյալեցոսի Վուլե․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»