211652_close_icon
views-count3253 դիտում article-date 14:35 09-11-2018

Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գործըթնացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում: «[url=https://armenpress.am/arm/news/953928.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արած հայտարարություններից հետո ինչ եզրահանգման է եկել և թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները տարածաշրջանում ի՞նչ իրավիճակ կստեղծեն, ինչպե՞ս կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վրա: «Չեմ կարծում, որ հետևություններ պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով: Ներքին, արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին: Իսկ տարածաշրջանը շատ մեծ է՝ ոչ միայն մեր հարևան պետություններն են և Իրանը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան և այլն: Անձնապես Բոլթոնին չեմ հանդիպել: Կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, քանի որ գործըթնացներն արագ են, փոփոխական, և պետք է սպասենք, տեսնենք, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»,-ասաց նախագահ Սարգսյանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարության շրջանակում ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»:

Նմանատիպ նյութեր