211652_close_icon
views-count1443 դիտում article-date 20:55 09-11-2018

ՊԵԿ-ը ստանձնել է հանձնառություն՝ ՔՀԿ-ների հետ վերամշակել «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը

Նոյեմբերի 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին եւ դրանցից բխող խնդիրներին։ Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսեւ, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների եւ հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ ծրագիրը միտված է հենց նմանատիպ դեպքերում նպաստել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական ու կայուն երկխոսություն իրականացնել; Նրա խոսքով, ՔՀԿ-ներն այսօր բախվել են մի խնդրի, որն առաջ է գալիս ՊԵԿ-ի կողմից ներկայացված երկու նախագծերից։ ««ՀԿ-ների մասին» օրենքն ընդունվել է բուռն, փուլային քննարկումների, կառավարության եւ ՔՀԿ-ների կոնսեսուսի արդյունքում։ Այժմ ներկայացվել են նոր նախագծեր, որոնք բացարձակ չեն բխում ձեռք բերված կոնսեսուսի արդյունքից, ավելին՝ չեն էլ քննարկվել ՀԿ-ների եւ հիմնադրամների հետ»,- նշեց Կարեն Զադոյանը։ Նա նաեւ նշեց, որ պետք է նաեւ հստակ տարանջատվեն ՀԿ-ներն ու հիմնադրամները եւ պետք չէ այդ երկու կառույցները նույն հարթության վրա դիտարկել ու համանման նախագծեր ներկայացնել։ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ որեւէ բան չի խանգարում ՊԵԿ-ՔՀԿ համագործակցությանը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ու գիտենք, որ ձեր մեջ էլ բավակաին փորձառու ներկայացուցիչներ կան, որ շատ լավ կարող են ուսումնասիրել ու ներկայացնել միջազգային փորձ, որը մենք կօգտագործենք։ Մենք գնացինք փոփոխությունների ճանապարհով, բայց մենք արմատացած որեւէ դիրքորոշում չունենք, մենք շտապողականություն չենք դրսեւորելու, որ նախագիծն արագ ներկայացվի կառավարությանը, ուղղարկվի Ազգային ժողով»,-ասաց նա։ Նա նաեւ նշեց, որ այս փոփոխությունները հարկային հսկողության հետ կապ չեն ունենա, իսկ համատեղ աշխատանքի համար, վստահաբար, հնարավորություններ կստեղծվեն ու նախագծերը կքննարկվեն։ Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է: Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը եւ յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ: Միջոցառմանը ներկա էին ինչպես ՊԵԿ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։ Նրանք թեմայի վերաբերյալ հարցեր բարձրացրին։ Հարց հնչեց, այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է, որ հարկային մարմինը ՀԿ-ների եւ հիմնադրամների հաշվետվողականության ուսումնասիրության ողջ բեռն իր վրա վերցնի, եւ արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ վերահսկողությունը վերադարձնել արդարադատության նախարարությանը։ Կարծիք հնչեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ կարող են երկու կազմակերպություն դիմել մեկ դոնորի՝ դրամաշնորհի համար, սակայն դրանցից մեկին դոնորը մերժի, իսկ եթե պետք է ՀԿ-ն հաշվետվություն ներկայացնի ու դրանում նշվի նաեւ իր միջոցների աղբյուրը՝ միգուցե խնդիր առաջանա հենց դոնորի անունը հրապարակելիս։ Հանդիպման ավարտին որոշվեց ՊԵԿ-ՔՀԿ կառուցողական քննարկումների եւ աշխատանքյաին հանդիպումների ֆորմատով մշակել երկկողմանի ընդունելի նախագծեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր