1093 դիտում
12:32 14-11-2018
ՀՅԴ պատգամավորը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը, սակայն այս առումով ներկայացնում է նաև իր վերապահումներն ու առաջարկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սեյրանյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
«Շատ կարևոր շեշտադրում է կատարվում բյուջեի նախագծում աշխատանքի խրախուսման ուղղությամբ: Սակայն դա պետք է լինի չափելի: Իսկ դա հնարավոր է, եթե որոշ ժամանակ հետո արձանագրենք, որ միկրոտնտեսությունից ինչ-որ տոկոս փոխանցում կատարվի դեպի մանր ու միջին բիզնես: Ես հեռու եմ այն մտածելակերպից, որ բոլոր միկրոտնտեսությունները անպայմանորեն մանր ու միջին կդառնան: Սակայն եթե այդ անցման դինամիկան չնկատվի, կստացվի, որ աշխատանքի խրախուսումով պարզապես տուն պահելու համար զբաղվածության տեղ ենք ստեղծում: Աշխատանքի խրախուսումը պետք է լինի համապարփակ, բոլոր ոլորտներում` կրթության, մշակույթի»,-ասաց Սեյրանյանը:
Պատգամավորը նշեց, որ այս տարվա բյուջեին տալիս են իներցիոն բնորոշումը: Նրա կարծիքով` այն իներցիոն է նաև մի շարք այլ առումներով: «Այն իներցիոն է, առաջին հերթին, իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիների բոլոր բյուջեները փորձում են լուծել մեթոդաբանական երկու խնդիր` ստեղծել եղածի վրա հիմնված և ուզածի վրա հիմնված բյուջե: Այսինքն՝ բյուջեն ձևավորվում է եղած ռեսուրսների վրա, նաև տեսլականի և ցանկությունների վրա: Սակայն երկրորդի համար խանգարող հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերը, ուղղությունները, զարգացման ծրագրերը դեպի ուր են տանում»,-նշեց պատգամավորը:
Սեյրանյանի կարծիքով` բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ շուկայական տնտեսության մեթոդաբանության վրա, կառուցված են` փորձելով մեղմել սոցիալական խնդիրները: Բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը նա համարեց սոցիալական ոլորտը:
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
13:08 14-11-2018
ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին
1984 դիտում
16:49 02-11-2018
Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԱԳՆ-ի հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հիմնվել են այս տարվա բյուջեի թվերի վրա
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»