211652_close_icon
views-count1694 դիտում article-date 11:16 17-11-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման համար: Հենվելով միջազգային փորձի վրա` այսօր մենք շարունակում ենք կրթական համակարգի բարեփոխումները, կատարելագործում երիտասարդության խնդիրներին առնչվող օրենսդրական դաշտը և վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր գիտելիքների ու մասնագիտական կարողությունների լիարժեք դրսևորումն ապահովելու համար: Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները և զարգացնելով դրանք` որպես մի հին, բայց նորացված արժեհամակարգ՝ փոխանցել է հաջորդ սերնդին: Վկան՝ հայ առաջին ուսանողները՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, հետո միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոնների՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանների սաները, ովքեր Հայաստանում տարածեցին հայ պատմիչների մատյանները, Անանիա Շիրակացու մաթեմատիկական գիտելիքներն ու Մխիթար Հերացու բժշկագիտական խորհուրդները: Եվ հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում: Եվ խոնարհվելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհած բոլոր ուսանողների պայծառ հիշատակի առջև` նաև պիտի արժանին մատուցենք ա՛յն ուսանողների սխրանքին, ովքեր շուրջ յոթ տասնամյակ առաջ Պրահայում ըմբոստացան հիտլերյան ֆաշիզմի մարդակեր ընթացքի դեմ ու 1939 թվականի այս օրը դրա համար վճարեցին իրենց երիտասարդ կյանքերով: Եվ նոյեմբերի 17-ը վաղուց դարձել է ոչ միայն նրանց հիշատակը, այլև բռնության դեմ պայքարում մարդկության համերաշխությունը խորհրդանշող օր: Քսանմեկերորդ դարում ևս շարունակվում ու նորանոր ձևեր են ընդունում բռնության ու ատելության դրսևորումները: Դրանց դեմ պայքարի լավագույն զենքերը ժամանակակից կրթությունը, գիտելիքն ու զարգացող մշակույթն են: Մարդկության առաջընթացը պայմանավորված է նրանց լույսով, որի տարածողները դո´ւք եք լինելու: Որովհետև ուսանողությո´ւնն է եղել բռնությունն ու ատելությունը մերժող ամենահզոր ուժը և ձևավորել է ա´յն առաջադիմական գաղափարներն ու արժեքները, որոնց վրա են հիմնվում ազատ ու ժողովրդավարական հասարակությունները: Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Թող ձեր հայացքը մի´շտ հառված լինի ապագային և այն ամենը, ինչը յուրացրել եք համալսարանական լսարաններում, ծառայեցնեք Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը: Բարին ընդ ձեզ՝ սիրելի ուսանողներ»:

Նմանատիպ նյութեր