121992 դիտում
20:12 19-11-2018
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. մահաբեր անունը ստացած փողոցում բնակիչները փակել են ճանապարհը. նրանք պահանջում են հարցի վերջնական լուծում, ասելով՝ «Ինչքան մարդ պետք է մահանա, որ նոր տեղից ժաժ գաք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ռուբինյանց փողոցի հարակից 2 տասնյակից ավելի շենքերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես խոսքից անցնեն գործի:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները արդեն տևական ժամանակ է՝ պահանջում են, որպեսզի նշված փողոցում տեղադրեն լուսաֆոր և արհեստական անհարթություններ, քանի որ այս փողոցում բազմաթիվ անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օր առաջ նույն պատկերն էր. փակեցինք ճանապարհը, սակայն ճանապարհային ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից ժամանեցին, խոսացան, որ խնդիրը կլուծեն ի շահ բնակչի, մենք էլ հավատացինք նրանց խոսքերին ու դադարեցրեցինք բողոքի ակցիան: Մեկ շաբաթ ժամանակ էին ուզել, մենք 10 օրից ավել սպասեցինք:
Այս փողոցի հարևանությամբ կան ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ, մանկապարտեզներ: Երեխաներին ճանապարհելիս, խաչակնքվում ենք, որ երեխաները անվտանգ անցնեն փողոցը: Տարեցներն էլ մեծ դժվարությամբ են անցնում փողոցը, քանի որ որոշ «ուղեղներն շպրիցով հանած» վարորդներ իրենց դնում են կասկադյորի տեղ ու այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ չգիտես ինչ ասես:
Երևանի էլիտար թաղամասերում դնում են էդ լուսաֆորները, իսկ էս թաղամասերում մինչ այժ չեն դնում: Արագաչափը մասամբ սթափեցնում էր որոշ վարորդների, դա էլ հանեցին: Հիմա ինչ անենք, ամեն օր ճանապարհը փակ պահե՞նք, որ բնակիչներս չդառնանք հաշմանդամ, կամ Թոխմախ ու Կարմիր բլուր չտանեն:
Եթե այդպես շարունակվի, պատկան մարմինները տեղներից ժաժ չգան, ապա ճանապարհը չենք բացելու: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ քայլի ենք դիմում, արդեն համբերության բաժակը լցվել է:
Եթե մտքներին տեղ լինի, մեկ օրվա ընթացքում խնդիրը կլուծեն, այլ ոչ թե կգան հերթական փափուկ բարձը կդնեն ու կգնան»:
Այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի քաղաքապետի տրանսպորտի գծով խորհրդական Գևորգյանը և ճանապարհային ոստիկանության երթևեկությունը կարգավորող բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:
Ժամանել են նաև մեծ թվով ճանապարհային ոստիկաններ, ոստիկանության տարածքայյին բաժնի ծառայողներ, սակայն բնակիչները պահանջում են, որ մինչև հարցը չլուծվի, իրենք ճանապարհը չեն բացելու: Այս պահին բանակցությունները շարունակվում են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+