105530 դիտում
12:02 14-05-2019
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. ողջաբերդցիները փակել են ճանապարհը. պահանջում են տարածքային կառավարման նախարարին և Կոտայքի մարզպետին՝ ասելով. «Մի օր կգաք, փլատակների տակից գյուղի բնակիչների դիերը կհանեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ողջաբերդ գյուղի բնակիչները ճարահատյալ փակել են Ողջաբերդ գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցիերն ասում էին. «Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն և փոխհատուցումը կլինի համարժեք, և մենք կպրծնենք այս գլխացավանքից։ Ինչու ենք դիմել ծայրահեղ այս քայլին՝ փակելով ճանապարհը, քանի որ, եթե նախորդ իշխանությունները գալիս էին, լապշա էին կախում մեր ականջներից ու գնում, հիմա ներկայիս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չեն զիջում նախորդներին»։
Այս պահին մոտ 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել և բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը։
Բնակիչներն ասում են, «Մենք հավատում ենք ձեզ, բայց մինչև տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը չգան, մենք ճանապարհը չենք բացի: Մենք գիտենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են տվել իրավիճակի մասին, կամ էլ չեն տեղեկացրել մեր խնդրի մասին։ Եթե վարչապետը տեղեկացված լինի, մեր խնդիրը նրա շնորհիվ կլուծվի։ Դրա համար էլ ցանկանում ենք, որպեսզի պարոն վարչապետն իմանա»։
Քիչ առաջ ժամանեց Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, և գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության Աբովյանի պետի հորդորներին, բացեցին ճանապարհն ու փոխմարզպետի հետ բնակիչներից մեկին պատկանող այգում քննարկեցին խնդիրը։ Պայմանավորվածոթյուն ձեռք բերվեց, որ մինչև հունիսի 21-ը ոչ մի գործողություններ գյուղացիները չեն կատարում, և այդ օրը նույն վայրում հանդիպելու են ու պարզեն, թե կառավարությունն ու Կոտայքի մարզպետարանն ինչ գործողություններ են կատարել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+