211652_close_icon
views-count1627 դիտում article-date 11:20 23-11-2018

Փաստաբան Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ: Այս մասին փաստաբանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Վարոսյանը մասնավորապես գրել է. «Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված։ Անհամբեր կակնկալեմ Հ.Հովհաննիսյանին դատարանում տեսնել խոշորացույցը ձեռքին իմ որևէ գրառման, որևէ խոսքի մեջ գեթ մեկ սուտ կամ զրպարտություն պարունակող արտահայտություն դատարանին ներկայացնելիս ու հիմնավորելիս։ Կարծում եմ՝ առավել քան որևէ մեկը, ԲԴԽ անդամը պետք է պատասխանատվություն զգա իր արտահայտած խոսքի, իր կատարած գործողության համար։ Հայցադիմումի կոնկրետ պահանջը կորոշենք իմ ընկեր փաստաբանների հետ միասին»։ Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշում էր, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։ Ի պատասխան նրա՝ Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր, որ փաստաբանական ընկերությունում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից:

Նմանատիպ նյութեր